National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.09.2017
Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Վրաստան
1 / 5

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը մեծապես արժեւորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ ակնկալում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ եղել են նաեւ Հայաստանում:

Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու անկախ երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց եւ առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից:
 
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Գիորգի Մարգվելաշվիլին մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:

Նույն օրը ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am